Երանի թե հայ գյուղացու բոլոր օրերի լուսաբացն ու մայրամուտն ավարտվեն խինդով և ուրախությամբ
28.02.2020 | 11:47
ՈՐՊԵՍ ՍԿԻԶԲ
Փետրվարի 22-ը Կոտայքի մարզի Թեղենիք համայնքի բնակչությունը դեռ երկար կհիշի, քանի որ ժողովրդական սիրված տոներից մեկը՝ Բարեկենդանը, անցկացվում էր ձյունապատ լեռներով շրջապատված այս գյուղում: Ի տարբերություն երկարատև սառն ու ցրտաշունչ օրերի, այդ օրն արևն իր ջերմացնող շողերով միացել էր համաժողովրդական տոնախմբությանը: Մայրաքաղաքից, Կոտայքի մարզպետարանից ու հարակից բնակավայրերից ժամանած հյուրերին Թեղենիքի բնակիչները դիմավորում էին իրենց տների առջև դրված առատ սեղանների բարիքներով: Հոգսաշատ գյուղացին ե՞րբ էր տեսել զուռնա-դհոլով, հայկական երգ ու պարով, հսկա դիմակներով ու լարախաղացով ուղեկցվող տոնախմբություն: Մեծ ու փոքրով ուրախ պարում ու երգում էին, հյուրասիրվում խոհանոցի ուտեստներով: Երանի թե հայ գյուղացու բոլոր օրերի լուսաբացն ու մայրամուտն ավարտվեն խինդով և ուրախությամբ:
ԱՅՍՏԵՂ ԱՊՐՈՒՄ ԵՆ ՄՈՒՇԻ, ԿԱՐՍԻ ՈՒ ԱԼԱՇԿԵՐՏԻ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ
Կոտայքի մարզի 105-ամյա Թեղենիք համայնքը հիմնադրվել է 1915-ին, գյուղի բնակիչները հիմնականում գաղթել են 1915-ին՝ Արևմտյան Հայաստանից՝ Մուշից, Ղարսից, Ալաշկերտից, Դուգնուկից, Բալաշուղից և շրջակա գյուղերից: Գյուղը նախկինում կոչվել է Թղիթ, հետագայում՝ 1980 թվականին, թեղիների անտառներով շրջապատված լինելու պատճառով վերանվանվել է Թեղենիք: «Ցեղասպանությունից հետո Արևմտյան Հայաստանի Մշո Դուգնուկ գյուղից գաղթած 3 եղբայրներ` Գասպարը, Պողոսն ու Պետրոսը, հասնելով Ծաղկունյաց լեռների անտառները, այստեղ որոշում են ապրել ու հիմնել բնակավայր: Նրանց սերունդներն ու համայնքի բնակիչները եղբայրների հիշատակը հավերժացնող խաչքարեր են տեղադրել գյուղի նորակառույց «Սուրբ նահատակաց» եկեղեցու բակում»,- «Իրատեսի» հետ զրույցում պատմեց 1996 թվականից Թեղենիքի համայնքապետ ընտրված Մարատ Բաղդասարյանն ու հավելեց, որ գյուղի տարածքում հայերը բնակվել են դեռ 1000 տարի առաջ։ Այդ են վկայում հնագիտական պեղումների արդյունքում գյուղից վերև գտնվող ժայռի կատարին հայտնաբերված միջնադարյան` 9-13–րդ դարերին թվագրվող ամրոցի պահպանված հիմնապատերը։ «Թղիք ամրոց» անունը ստացած բերդը վերագրվում է Աշոտ Երկաթ արքային։ Գյուղացիներն այն «Աշոտ Երկաթի բերդ» են կոչում։
Թեղենիքը գտնվում է նախալեռնային գոտում, ծովի մակարդակից 1500-1600 մետր բարձրության վրա, ուստի ձմռան ամիսներին կտրուկ ցրտերն անպակաս են: 595 բնակիչ ունեցող Թեղենիք համայնքը թեև գազիֆիկացված է, այնուհանդերձ բնակիչները երբեմն օգտագործում են շրջակա անտառների սանիտարական հատումներից մնացած ծառերի չորուկները, երբեմն էլ գոմաղբը: Համայնքապետի խոսքով՝ գյուղից շատերը հեռացել են, նրանցից 296-ն այսօր ապրում են Ռուսաստանում, Եվրոպայում, ոմանք էլ Երևանում և այլ քաղաքներում: ՈՒ թեև կան փակ դռներ, սակայն դրանց տնամերձերն ու հողատարածքներն անմշակ չեն մնում, բարեկամները տեր են կանգնել ու հողահարկերն էլ պարտաճանաչ վճարում են:
Գյուղն ապրում է ինքնուրույն կյանքով, բնակիչներից մեկի խոսքով «դեռ խոշորացման դանակի տակ չի ընկել»: Թեև գյուղի բյուջեն սուղ է, սակայն եղածով համայնքապետարանը կարողացել է Ջինիշյան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ ոռոգման ջուրը 6 կիլոմետր երկարությամբ խողովակաշարով հասցնել Թեղենիք։ Գյուղն ապահովված է նաև շուրջօրյա սառնորակ խմելու ջրով: Ցայտաղբյուրներ են տեղադրված 2006 թվականին լուսահոգի Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի աջակցությամբ կառուցված «Սուրբ նահատակաց» եկեղեցու բակում: Գյուղամիջի 3 կմ երկարությամբ փողոցն ասֆալտապատ է, երկրորդական փողոցները ներառված են ընթացիկ վերանորոգման ծրագրերում: 30 տարի առաջ կառուցված և 127 աշակերտ ունեցող գյուղի միակ դպրոցը վերանորոգված է, սակայն աշակերտների թիվը կտրուկ նվազել է. այսօր դպրոց է հաճախում շուրջ 40 երեխա:
Համայնքի վարչական տարածքը 2106 հեկտար է, որից գյուղնշանակության հողերը կազմում են 1130,41 հեկտար, տնտեսությունները զբաղվում են ցորենի, գարու, առվույտի, հաճարի, բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ, անասնապահությամբ: Աշխատատեղ չկա, գյուղում մնացած երիտասարդներն աշխատում են Երևանում, Չարենցավանում և հարակից այլ քաղաքներում: Դպրոցի տեխնոլոգիայի երիտասարդ ուսուցչուհի Արփինե Վանյանը, որը «Հմուտ ձեռքեր» և «Դիզայն» արտադասարանական խմբակի իր սաների հետ մասնակցում էր Բարեկենդանի տոնին նվիրված տոնավաճառին, Թեղենիք է գալիս Չարենցավանից, ուսուցիչներից մի քանիսն էլ՝ հարակից բնակավայրերից: Ի դեպ, երեխաների ձեռքի աշխատանքներն աչքի էին ընկնում նրբագեղությամբ ու ճաշակով, պետք էր տեսնել նրանց ոգևորությունը, երբ վաճառվում էր իրենց ձեռքով պատրաստված հերթական զարդը:
ՏՈՒՆ, ԵՐԿԻՐ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՌՈՒՑՈՂ ՄԱՐԴԻԿ
Գյուղի կենտրոնական փողոցի մեծ առանձնատանն ապրում է դպրոցի նախկին ուսուցչուհի, 83-ամյա Էմմա Հայրապետյանը։ Նա 19 տարեկան հասակում գործուղվել է Թեղենիք՝ դպրոցում աշխատելու որպես մաթեմատիկայի ուսուցչուհի: Եկել ու մնացել է Թեղենիքում, ամուսնացել մշեցի գաղթականի որդու հետ, ընտանիք է կազմել ու ամուսնու հետ նախկին հացատունը, որտեղ ապրում էին, վերածել է երկհարկանի տան: Էմմա մայրիկը 4 զավակի մայր է, 11 թոռան տատ: Թեև այն տարիներին բարձրագույն կրթություն ստանալը շատերի համար անհասանելի երազանք էր, այնուհանդերձ մանկավարժ մայրը հաղթահարում է բազում դժվարություններ, որպեսզի զավակները ստանան բարձրագույն կրթություն: Նրա համոզմամբ՝ Թեղենիքն անհամեմատ փոխվել է, այն չէ, ինչ 50 տարի առաջ էր: Այսօր այլ են սոցիալական պայմանները, գյուղի ամենաերկար փողոցն ասֆալտապատ է, բարեկարգ դպրոց ունեն, աշխատատեղ չկա, բայց հուսով է, որ ժամանակի ընթացքում այդ հարցն էլ կլուծվի, որ ներկա իշխանության նվաճումներից ամենամեծը ազատությունն է, գյուղական համայնքների զարգացման հանդեպ ուշադրության առկայությունը: Էմմա մայրիկի կողքին կանգնած հարսը՝ Գոհար Մովսիսյանը, նույնպես մանկավարժ է, միաժամանակ զբաղվում է օրգանական արտադրանքի մշակմամբ, զբոսաշրջիկների համար «օրգանական լանչ»-ի մատակարարմամբ: Այս տոնական օրը իր ստեղծած բարիքներով տիկին Գոհարը հյուրասիրում էր նաև Բարեկենդանի տոնակատարության հյուրերին:
Եկեղեցու բակում իր խրոխտ արտաքինով ու նույնքան խրոխտ պարով աչքի էր ընկնում 78-ամյա Նորիկ Սիմոնյանը, որի ծնողները գաղթել են Ալաշկերտից: Նորիկ պապը ծնվել է Թեղենիքում, իր խոսքով՝ ապրում և շարունակելու է ապրել գյուղում, աշխարհի ոչ մի բնակավայրի հետ չի փոխի Թեղենիքը: Մասնագիտությամբ եղել է շինարար, հարյուրավոր տներ է կառուցել, ու հիմա, երբ տեսնում է քանդվող տուն կամ պատից պոկված քար, սիրտը ցավում է, որովհետև կառուցելու «ղադրը» գիտե, ախր ողջ կյանքում քար ու ավազից կոշտացած ձեռքերով տուն, երկիր, պետություն է կառուցել: Բայց եկան ժամանակներ, երբ թեթև սրտով տներ քանդեցին ու մի «օֆ» էլ չարեցին: Նորիկ պապը կնոջ հետ ապրում է որդու բազմանդամ ընտանիքի հետ: Մի որդին ապրում է Գերմանիայում: «Ասում եմ, այ որդի, հետ արի, ասում է, այ հեր, որ գամ մի տարի լավ ենք ապրելու, բա հետո՞, որ ասեմ պապիրոսի փող տուր, կտա՞ս: Ասում եմ, այ շան որդի, քեզ որտեղի՞ց պապիրոսի փող տամ»,- ծիծաղելով պատմում է պապն ու ավելացնում, որ գյուղի կյանքն այսօր բավականին փոխվել է, ապրի գյուղապետը, շատ գործ է արել գյուղի համար, ջահելները դրսում են աշխատում, բայց շատերն էլ իրենց հողամասում աշխատում-ապրում են: Այ, ինքն էլ մի այգի ունի, մշակում է, որ պարապությունից չհիվանդանա: «Էս Բարեկենդանի տոնը շատ լավ արեցին, որ մեր գյուղում տոնեցին, ժողովուրդը հավաքվեց, մեկմեկու երես տեսան, պարեցին-երգեցին, ինչ վատ է, ողորմի կազմակերպիչների անցավորանց, օրն էլ է ուրախանում մեզ հետ»,- ասում է Նորիկ պապը:
Ավանդույթ դարձած փառատոները բավականին աշխուժություն են մտցնում հատկապես հեռավոր կամ մոռացված գյուղերի կյանքում: Այցելուները ճանաչում են գյուղը, տեղեկանում նրա պատմությանն ու պատմամշակութային կոթողներին, զբոսաշրջիկների համար նման փառատոները հայտնություն են, գյուղաբնակների համար՝ իրենց շնորհքի ու հմտությունների դրսևորման, գյուղմթերքի վաճառքի, ծանոթությունների ձեռքբերման հնարավորություն: Այս ամենը նպաստում է նաև զբոսաշրջության զարգացմանը, ինչին էլ միտված են Թեղենիքում և հարակից գյուղերում զբոսաշրջության զարգացմանն ուղղված Կոտայքի մարզպետարանի առաջիկա ծրագրերը:
Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Հ.Գ. Թեղենիքում անցկացվող Բարեկենդանի տոնակատարությանը մասնակցում էին նաև ՄԱԿ-ի ՓԳՀ հայաստանյան ներկայացուցչության և գործընկեր «Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ի աջակցությամբ տարբեր տարիներին Հայաստան վերաբնակեցված սիրիահայ, իրաքահայ, ադրբեջանահայ մի խումբ կանայք, ովքեր հասցրել էին ծանոթանալ հայկական արժեքներին ու մշակույթին, գտել էին աշխատանք, հիմնել սեփական բիզնեսը, միահյուսվել հասարակությանը: Նրանք Բարեկենդանի տոնին ներկայացրել էին իրենց խոհանոցի համային առանձնահատկություններով հարուստ ուտեստները:
Լուսանկարներ
Հեղինակի նյութեր
- ՈՍԿԵՊԱՐ. այդ քաղցր բառը՝ խաղաղություն
- «Արվեստագետն ու գիտնականը պիտի համոզվեն, որ թիկունքում պետություն կա»
- «Արհմիություն-գործատու համագործակցությունից կշահեն թե՛ աշխատողը, թե՛ գործատուն ու իր բիզնեսը»
- «Ներկայիս կառավարման համակարգը ոչնչով չի տարբերվում նախկին իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունից»
- Գործատուն պարտավոր է հարգել աշխատողի աշխատանքային իրավունքը` առանց գործադուլավորի պարտադրման
- «Անհրաժեշտ է կանխել գյուղնշանակության հողերի դեգրադացումը»
- Ահագնացող աշխատանքային միգրացիան երկիրը «դատարկեց» որակյալ մասնագետներից
- Ոչ միայն երազանք, այլև իրականություն
- Տուրիզմով զբաղվելու համար նախ պետք է սիրել հայրենիքը
- Գառնառիճ՝ երեք պետությունների խաչմերուկում ապրող գյուղը
- «Վայել չէ թագավորի և իշխանի համար գողեր և ավազակներ ունենալ, այլ միայն լրտեսներ, որ հետախույզներ են»
- «Արհմիությունների հանդեպ վստահության վերականգնումը պետք է սկսել զրոյից»
- Աշխատողը պետք է ստանա այնքան աշխատավարձ, որ այն բավարարի ոչ թե գոյատևելու, այլ ապրելու համար
- «ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը չկարողացավ լուծել ԵՊՀ արհմիության հետ կոլեկտիվ պայմանագիրը»
- Գազատար խողովակները կան, բայց բնակիչը գերադասում է փայտը
- Դիլիջանն իր ռեսուրսներով կարող է ապրել
- Մեղրի եկողը, դեռ չմեկնած, մտածում է հաջորդ այցի մասին
- Տաշտունը 160 ծուխ ուներ, այսօր մնացել է 22-ը՝ 60 բնակչով
- Անտառներով շրջապատված բնակավայրն իր ջեռուցման հարցը լուծել չի կարողանում, օրենքը թույլ չի տալիս
- «Սյունիքի մարզը պատերազմող երկիր է, յուրաքանչյուր փակ դուռ հավասարազոր է պոստի լքման»
Մեկնաբանություններ